Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հոգևոր ճառագայթման մասին

Հոգևոր ճառագայթման մասին
03.04.2009 | 00:00

ԱՍՏԾՈ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՇՈՂԵՐԸ ՄԵԶՆԻՑ ՉԵՆ ԽԼԵԼ
Մենք` արդի դարաշրջանի մարդիկ, չպետք է տրվենք պատրանքներին։ Ճգնաժամը, որի մեջ հայտնվել ենք, ոչ միայն քաղաքական է կամ տնտեսական, նրա արմատները դրված են մեր գոյության հենց խորքում` նա կանգնեցնում է մեզ վերջնական հարցերի առաջ և տանում սրբազան բնագավառ։ Մենք չունենք ո՛չ իրավունք, ո՛չ հիմքեր` նկարագրելու մեր կործանումը որպես «անմեղ» ու «անվտանգ» պատահականություն։ Մենք մեր մեջ պետք է քաջություն և հայացքի սրություն գտնենք, որ տեսնենք իրերն այնպիսին, ինչպիսին են նրանք իրականում, մենք պետք է կամք գտնենք մեր մեջ ասելու ողջ ճշմարտությունը և քայլելու նոր ուղիով։ Մեզ հարկավոր է ազատվել առօրյա մանրուքներից և հեռուն նայել սովորել. ո՞ւր է գնում, ո՞ւր է սահում արդի աշխարհը։ Ի՞նչ է մեզ սպասում։ Ի՞նչ պիտի անենք մենք, որպեսզի կանխենք չարագույն հնարավորությունները և ստեղծենք նոր չքնաղ կյանք։ Կա մի օրենք, ըստ որի գալիքը բացվում է միայն նրան, ով այն դիտում է խորքից։ Դրա համար մեզ անհրաժեշտ է հոգու իրական խորացում. մենք նախ և առաջ պետք է կենտրոնանանք մեր սեփական էության կենդանի խորության մեջ, մեր մարդկայնության «սուբստանցիայի» (հունարեն` անփոփոխ էություն) հիմքի, կամ, ինչպես կասեր Արիստոտելը, մեր ոգու «էնտելեխիայի» (կյանքի զորություն` հունարեն) մեջ, այն սրբազան ոլորտը, որի երանության ու աստվածայինի մասին հայտնեց մեզ Աստծո Որդին` Հիսուս Քրիստոսը։
Ամենուրեք, ամբողջ աշխարհում, պետք է սկսվի հետզհետե հոգևոր վերանայումը մեր հոգու գործողությունների և մեր առարկայական բովանդակությունների` առանձին մարդկանց մեջ և փոքր խմբակներում, կրոնական համայնքներում, փիլիսոփայական հասարակություններում և ամբողջ մշակութային շարժումներում, մարդիկ կկենտրոնանան իրենց կյանքի վերջնական, սրբազան ակունքների վրա։ Նրանք կդիտեն իրենց սրտի կյանքը և կդատեն նրա մասին, ինչպիսին այն պիտի լինի և որպիսին եղավ իրականության մեջ, և ինչը չի հերիքում նրան... Ինչքան լուրջ, ինչքան պատասխանատու, ինչքան խոր, ինչքան անկեղծ լինի այդ վերանայումը, այնքան լավ։ Որովհետև մեր ժամանակի աղետներն ահռելի են, և վտանգը կարելի է հաղթահարել միայն այն ժամանակ, երբ գրավվի մարդկային հոգու վերջին խորքը, երբ մարդկությունը նորից ճանապարհ բացի դեպի Աստված։ Բանը միայն «բարոյական վերազինման» մեջ չէ, այդ խղճուկ և չարչրկված խոսքերում, որոնք արտահայտում են նոր ու էժան նորաձևությունը, և որոնք լավագույն դեպքում ապահովում են կարծրացած անդրկուլիսյան կարգապահությունը։
Մարդկությունը կարիք ունի հոգու վերանորոգման, բնազդի ազնվացման, ավետարանական հավատքին վերադարձի, ոչ թե Նեռի խոստացած «մաքուր ձեռնոցների»։
Վերանորոգումը, որը կանգնած է մեր առաջ, պետք է դառնա մի ամբողջ դարաշրջան պատմության մեջ։ Եվ մոտենում է ժամանակը, երբ մենք բոլորս պիտի խորհենք միայն ներքին վերանորոգման մասին, փնտրենք Աստծո օգնությունը և փրկությունը։ ՈՒստի մեր ժամանակը շրջադարձի ժամանակ է։ Դեռ երբեք մարդկային էակի բացասական ուժերը հանդես չէին եկել այդպիսի հանդգնությամբ, այդպես ինքնավստահ, այդպիսի ինքնագիտակցությամբ, աշխարհում իշխանությունը զավթելու համար նրանք դեռ երբեք այդպիսի զայրացուցիչ փորձեր չէին արել։ Դեռ երբեք մարդն իր տրամադրության տակ չէր ունեցել այդպիսի քայքայիչ միջոցներ։ Աշխարհում բեկում է նշմարվում, կարող է պատահել, որ դա արդեն կատարվում է։ Նախկին հավասարակշռությունն արդեն չկա։ Եվ այն վատթարագույն վտանգին, որը սպառնում է մեզ, մենք կարող ենք դիմակայել միայն ներքին վերանորոգման պայմանով։ Եվ սկսվող վերանորոգման առաջին նշանները մենք կզգանք այն առանձնահատուկ ճառագայթման մեջ, որը կծագի վերանորոգված մարդկանցից, կենդանի բարության այդ շողերի մեջ, ջերմ սրտի հայեցության, խղճի և առնական, խաղաղ հավատքի։ Քանզի հնարավոր չէ մարդկային-Աստվածային խորության այդ վերջնական ոլորտների հետ շփման մեջ մտնել` չարթնացնելով իր բնազդի մեջ կենդանի հոգեկանություն, չկենդանացնելով իր մեջ քրիստոնեական սիրտն իր ամբողջ հրաշագործ զորությամբ և խորաթափանցությամբ։ Իսկ կենդանի սիրտն աշխարհ է ուղարկում իր շողերը, և նրա միջից բխող այդ շողերը ոչ թե պարզապես մարդկային են, այլ աստվածային-հոգեկիր։
Ավելի հաճախ են լսվում ձայներ, որոնք հաստատում են, թե մարդկությունը կարող է փրկվել միայն «Նոր հայտնության» միջոցով... Ասես Քրիստոսի` մեզ շնորհած հայտնությունն արդեն «սպառված» է կամ «ապրված», կարծես մարդկությունն արդեն անցել է Աստծո որդիության, գոհության, սրտի հայեցության ուղիները, որոնք և ոչնչի չեն հասցրել... Ասես արդի ճգնաժամը մեր ճգնաժամը չլիներ, այլ Տեր Աստծո ճգնաժամը, որովհետև Նա «չափազանց քիչ բան» է բացահայտել ինձ համար կամ «չափազանց վաղուց» և հիմա պետք է շտապել ու լրացնել բաց թողնվածը։ Իսկ իրականում մենք չենք կարողացել ըմբռնել մեզ տրված Հայտնությունը և ապրել դրանով ինչպես պետքն է...
Աստծո հայտնության շողերը մեզնից չեն խլել։ Նրանք լույս են տալիս մեզ և այժմ, ինչպես ի սկզբանե, մենք առաջադրանք ունենք` ճիշտ ընկալելու այդ շողերը և ապրելու նրանցով։ Մեզ հարկավոր է գտնել ճիշտ կառուցվածքի կրոնական մոտեցումը, որը թույլ կտա մեզ անել այնպես, որ այդ շողերը ոչ միայն լույս տան մեզ, այլև ճառագայթվեն մեր միջով և մեր միջից, մեր սրտի հայեցությունից, միացնելով մեզ ուրիշ մարդկանց հետ, լուսավորելով մոտ և հեռու ապագան և ուղղություն տալով մեր երկրային կյանքին։
Ժամանակակից մարդը պետք է տեսնի և համոզվի, որ իր ճակատագիրը կախված է այն բանից, թե ինչ է հենց ինքը ճառագայթում այս աշխարհի մեջ և ընդսմին կյանքի բոլոր ոլորտներում։ Նա պիտի համոզվի, որ խոսքն իր հոգևոր մաքրման, կենդանացման և իր սրտի ստեղծագործական հաղթահարման մեջ է։ Որովհետև խլացած ու անզգայացած սիրտն անզոր ու կույր է, և երբ մարդը շրջվում է դեպի կյանքը, ապա սիրտը չի կարող այդ կյանքի մեջ դնել որևէ լավ բան։
Մարդկային մշակույթը կարող է վերանորոգվել միայն կենդանի, ճառագայթող սրտի միջոցով, քանզի միայն նրա մեջ են ծնվում նոր ստեղծագործ գաղափարներ, միայն նրան է տրվում ակնհայտը։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2979

Մեկնաբանություններ